Հանրաքվեն աչքի ընկավ զանգվածային բնույթի ընտրական հանցագործություններով. Արթուր Բաղդասարյան /տեսանյութ/

«Հանրաքվեի հետ կապված իմ գնահատականները երկակի են»,- Հ3 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Իրական հայացք» հաղորդաշարում Էդգար Առաքելյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` ցավով հավելելով, որ դրականի կողքին նաև բացասականը կա:

Սկսելով բացասական դրսևորումներից` Բաղդասարյանն ասաց, որ հանրաքվեն աչքի ընկավ բազմաթիվ խախտումներով, զանգվածային բնույթի ընտրական հանցագործություններով, այդ թվում եղել են լցոնումներ, բազմակի քվեարկություններ, անմխիթար վիճակում են եղել ընտրական ցուցակները. «Բազմաթիվ մարդիկ ինձ հայտնել են, որ երկար տարիներ քվեարկությանը մասնակցել են օրինակ` Տերյան փողոցում, բայց այս անգամ հայտնվել են Թումանյան փողոցում, կամ օրինակ` Գյումրիում մի թաղամասում են միշտ քվեարկել, սակայն այս անգամ, չգիտես ինչու, հայտնվել են մեկ այլ թաղամասում»:

ՕԵԿ նախագահի խոսքերով` սրանք ընտրական այն մանիպուլիացիաներն են, այն կեղծիքներն են, որոնք Հայաստանում իրականացվեցին. «Սա ես փաստում եմ ցավով: Բացի դրանից, կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում կա առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ, ովքեր դժգոհ են իրենց վիճակից, սակայն այս մարդիկ մասնակից են դառնում ընտրական հանցագործություններին: Ցավոք, մեր ժողովրդի մի հատվածը մտածում է այդ պահի շահի մասին և գնում են ընտրակեղծիքների ճանապարհով: Հասկանում եմ, որ այդ մարդիկ այս պահին կքննադատեն ինձ, սակայն ես չեմ կարող հասկանալ այն մարդուն, ով կարող է 5 հազար դրամի համար մի քանի տեղ քվեարկում են, չեմ կարող հասկանալ այն կրթված մարդկանց, ովքեր ընտրական կեղծիք են կատարում վերադասի կարգադրությամբ: Չեմ կարող հասկանալ հատկապես գյուղական համայնքների ղեկավարներին, ովքեր բդեխշական կարգերի մոտիվացիայից ելնելով, վախենալով մարզպետներից և այլն, կարողացան իրենց գյուղերում այլանդակել իրենց գյուղերում կայացած քվեարկությունները»:

«Մենք այսօր տվյալներ ունենք, որ օրինակ Արարատի մարզում, մասնավորապես Արտաշատ համայնքում խայտառակ քանակի քվեներ ապահովվեց: Նույնը կարող եմ ասել Արմավիրի, Գեղարքունիքի մարզերի մասին: Երբ ուսումնասիրում ես, հասկանալի է դառնում, որ քաղաքաներում այլ իրավիճակ է, գյուղերում` մեկ այլ: Ստացվում է, որ կան գյուղապետեր, որոնք տեսնում են հայ ազգի ցավն ու դժվարությունները, սակայն իրենց անձնական շահից ելնելով, իրենց վերադասի կարգադրությամբ անում են ամեն ինչ իշխանության համար քվեներն ապահովելու համար: Սա շատ բացասական երևույթ է: Ես հիմա կոչ եմ անում այն յուղապետերին, ովքեր թասիբ ու նամուս ունեն, ետ մնալ ընտրակեղծիքներ կատարելուց»:

Խոսելով նկատված դրականի մասին` պարոն Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն հարյուր հազարավոր քաղաքացիներին, ովքեր մնացին սկզբունքային և շիտակ. «Շնորհակալություն եմ հայտնում իմ այն համաքաղաքացիներին, ովքեր ունեցան սկզբունքայնություն, շիտակություն, ովքեր կարողացան վեր կանգնել իրենց նկատմամբ կիրառված բազմաթիվ ճնշումներից, որոնք եղան պետական կառույցների կողմից: Ուրախալի է, որ գտնվեցին մարդիկ, ովքեր մերժեցին ժողովրդին որպես ողորմություն բաժանվող մի քանի հազար դրամի և մնացին շիտակ ու սկզբունքային: Այդ դիրքորոշումը հենց մեծ երեխաների համար է: Պետք է փաստեմ նաև այն, որ բազմաթիվ համայնքներում, որտեղ իշխանությունները միշտ նկարել են իրենց ուզած թվերը, այս անգամ այլ պատկեր է: Շատ շատերը, ովքեր 80-90 տոկոս «այո»-ի մասին էին խոսում, շախմատային լեզվով ասած, մատ եղան»,-ասաց ՕԵԿ առաջնորդը` հավելելով, որ մեծ հաշվով գոհ է դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքից, որովհետև հայ ժողովուրդը «ոչ» ասաց, իսկ «այո»-ն հաղթեց լցոնումների և այլ ընտրախախտումների արդյունքում. «Եթե այսօր մի քանի հարյուր ընտրական հանցագործություն է արձանագրվել, քննություն է իրականացվում, պարզ է որ շատ բան կոծկվելու է, մեր տեսած պատմությունը հենց դա է վկայում»:

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=atQ-T33KH8g

admin