Սահմանադրության նախագծով Հայաստանը դառնում է ոչ թե խորհրդարանական, այլ գերվարչապետական երկիր. Արթուր Բաղդասարյան

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների նախագծին, նշեց, որ իրենք ի սկզբանե կառուցողական մոտեցում են ունեցել` ի տարբերություն շատ ուժերի. «Եթե երկրում նման գործընթաց է նախաձեռնվում, պետք է մասնակցես և փորձես հնարավորինս լավը դարձնել այն»:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, ինչի մասին արդեն ասել են: Դրա համար չկա ո´չ հասարակական, ո´չ քաղաքական նախադրյալներ: Սակայն, քանի որ գործընթացը մեկնարկեց, մենք առաջարկություններով հանդես եկանք, որոնցից մի քանիսն ընդունվեց, մի քանիսը` ոչ: Օրինակ` ընդունվեց մեր այն առաջարկությունը, որ մարդկանց պետք չէ զրկել սեփականությունից առանց դատարանի որոշման, ինչը մեզ համար դատապարտելի և անընդունելի է: Մյուս առաջարկը, որն ընդունվեց, վերաբերում է այն թեզին, որ օտարերկրացիները կարող են մասնակցել համայնքների ընտրություններին: Մեր նախաձեռնությամբ, այդ թեզը հանվեց: Նման մոտեցումը մեզ համար անընդունելի էր…Տեսեք, այսօր Իրանում ապրում է 25 միլիոն ադրբեջանցի: Իսկ այսօր մենք պետք է հայեցի պահենք մեր հայրենիքը, ոչ թե հնարավորություն տանք թուրքերին ու ադրբեջանցիներին գալ այստեղ համայնքներ ղեկավարեն»:

ՕԵԿ նախագահը խոսեց նաև կառավարման մոդելի մասին, որն առաջարկվում է` համարելով այն անընդունելի. «Հայաստանը դառնում է ոչ թե խորհրդարանական, այլ գերվարչապետական, որովհետև գործող նախագահի լիազորությունները գումարվում են գործող վարչապետի լիազորություններին ու տրվում մեկ անձ: Չկա բալանս իշխանության թևերի մեջ: Սակայն քանի որ մեջ առաջարկությունների մի մասն ընդունվել էին, մենք հայտարարեցինք, որ կողմ չենք փոփոխություններին»,-ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ ի վերջո յուրաքանչյուր քաղաքական ուժ ի զորու է վերադարձ կատարել, եթե դրա անհրաժեշտությունը լինի. «Կարող է կրկին սահմանադրության փոփոխություններ նախաձեռնվեն, քանի որ ետխորհրդային երկրներում բոլոր այն երկրները, որոնք խորհրդարային համակագի անցան, կրկին վերադարձ կատարեցին նախագահական համակարգին»:

Բացի դրանից, ըստ ՕԵԿ նախագահի, այսօր հայ ժողովուրդն այնպիսի վատ սոցիալական վիճակում է գտնվում, որ պետք է բոլորովին այլ փոփոխություններ կատարել:

Բաղդասարյանը խոսեց նաև նույնականացման քարտերի հետ կապված խնդրի մասին` նշելով, որ քվեարկության ժամանակ դրանց կիրառումն անընդունելի է:

admin