|
Հայոց Աշխարհ, Գեւորգ Հարությունյան
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ
-Ի՞նչ հեռանկար կարող է ունենալ իսլամական աշխարհին մերձենալու Թուրքիայի նախաձեռնությունը:
-Թուրքական քաղաքականության մեջ մենք նկատում ենք արտաքին քաղաքական վեկտորի որոշ շեշտադրումների փոփոխություններ: Այդ կապակցությամբ բազմաթիվ հոդվածներ են տպագրվում նաեւ եվրոպական մամուլում:
Մեր հիմնական եզրահանգումներից մեկն այն է, որ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, պետք է առավել հետեւողականորեն զարգացնի հարաբերությունները իսլամական աշխարհի հետ` ավելի ըմբռնելի դարձնելով մեր արտաքին քաղաքական գերակայությունները: Այս առումով Հայաստանը բավական մեծ թվով արաբական երկրների հետ ունի ջերմ, կառուցողական հարաբերություններ, եւ մենք շահագրգռված ենք, որ այդ հարաբերություններն ավելի զարգանան ու կատարելագործվեն։
Դա թույլ չի տա Թուրքիային իսլամական աշխարհում Հայաստանի շուրջ ստեղծել բացասական կարծիք կամ կատարել կեղծ շեշտադրումներ, որոնք, ցավոք, մեր իրականության մեջ քիչ չեն պատահում: Այդ պատճառով էլ մեր արտաքին քաղաքական գերակայություններից մեկը իսլամական աշխարհի հետ հարաբերությունների հետեւողական զարգացումն է:
-Հարավային Կովկասում, Մերձավոր ու Կենտրոնական Արեւելքում առաջացող լարվածությունները ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանի անվտանգության վրա:
-Մենք ապրում ենք փխրուն տարածաշրջանում, եւ անվտանգության խնդիրները մեր պետության համար գերակա են: Այսօր Հայաստանում հնարավորն է արվում մեր անվտանգության մակարդակը հուսալի բարձրության վրա պահելու համար, եւ ես վստահ եմ, որ մեր անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
Այլ խնդիր է, որ մենք, որպես տարածաշրջանի ակտիվ դերակատարներից մեկը հանդիսացող երկիր, հնարավոր ամեն ինչ պետք է անենք տարածաշրջանում հարատեւ խաղաղություն ապահովելու եւ տարածաշրջանային հակամարտությունները փոխընդունելի փոխզիջումներով կարգավորելու համար: Հայաստանը վարում է խաղաղասիրական քաղաքականություն, եւ մենք հետեւողականորեն այս կուրսի ջատագովն ենք լինելու:
-Վերջերս շահարկումների առարկա դարձավ օտարալեզու դպրոցների խնդիրը. կարծիքներ են հնչում, թե դա սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը:
-Ես վերջին մամուլի ասուլիսում մանրակրկիտ պատասխանել եմ այդ հարցին, բայց եւս մեկ անգամ կրկնեմ. գտնում ենք, որ ինչքան օտար լեզվի դասավանդման որակը հանրակրթության մեջ բարձրացվի, այնքան շահելու են մեր երեխաները: Մենք չենք ընդունում այն պարզամիտ շահարկումները, որ օտար լեզվի ուսուցումը կատարվելու է մայրենիի հաշվին: Այսօր դուք չեք կարող տեսնել մի գերմանացու, որ խոսում է սոսկ գերմաներեն, նա փայլուն խոսում է գերմաներեն, բայց նաեւ խոսում է անգլերեն, ֆրանսերեն: Մենք գտնում ենք, որ այս մոտեցումը պետք է իրականացվի:
Ինչ վերաբերում է վերջին օրենսդրական նախաձեռնությանը, ապա արհեստական շահարկումներ շատ եղան: ՕԵԿ-ը գտնում է, որ 1500-ից ավելի հանրակրթական դպրոցների կողքին 2 մասնավոր դպրոցի գոյությունը Հայաստանի ազգային անվտանգությանն ամենեւին չի սպառնում: Այս առումով ՕԵԿ-ի դիրքորոշումը եղել է հստակ եւ սկզբունքային:
Մենք խոհեմ որոշում ենք կայացրել` երկրում ունենալ 2 դպրոց, մանավանդ որ այդ դպրոցներում օտար լեզվի ուսուցումը կատարվելու է 7-րդ դասարանից: Վտանգ չեմ տեսնում:
Ինչ վերաբերում է 9 միջպետական դպրոցներին, նախ` պետք է գտնել 9 կառավարություն, որոնք ցանկություն կունենան Հայաստանում միջպետական պայմանագրով ստեղծել դպրոց: Ես 2 միջպետական պայմանագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի, բայց այդ բուհերի ստեղծումը հնարավոր է եղել շատ լուրջ ջանքերի գործադրման շնորհիվ` ամենաբարձր մակարդակով:
Այսինքն` մենք պետք է հասկանանք, որ խոսքը հնարավորություն տալու մասին է, որ մեր հայրենակիցը այդ հնարավորությունն ունենա այս երկրում, ոչ թե այդ հնարավորությունը գտնի հարեւան Վրաստանում: Հնարավորություն տալը չի նշանակում դեմ գնալ ազգի անվտանգությանը: Ուղղակի այս հարցում կան երկու տեսակի մարդիկ` շահարկողներ եւ իրական մտահոգվածներ: Իմ ուղերձն ուղղված է իրապես մտահոգված մարդկանց` պետք չէ մտահոգվել, հայրենակիցներ, որովհետեւ 1500 դպրոցի կողքին 2 մասնավոր դպրոցը վնաս չէ, իսկ շահարկողներին ինչ էլ ասես, միեւնույն է, շահարկելու են:
-ՕԵԿ-ը նախապատրաստվու՞մ է համապետական ընտրություններին: Ձեր կարծիքով, կա՞ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն:
-ՕԵԿ-ն այլ քաղաքական կառույցների պես ակտիվորեն մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Արտահերթ ընտրությունների քաղաքական եւ իրավական հիմքեր գոյություն չունեն մեր հասարակության մեջ: Ես գտնում եմ, որ ընտրությունները տեղի կունենան ժամանակին, եւ վստահ եմ, որ ՕԵԿ-ը կունենա իր ծանրակշիռ տեղն ապագա խորհրդարանում:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ես քանիցս հայտարարել եմ, որ մենք վերջին ընտրություններից հետո քաղաքական դաշինք ենք կնքել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ հավատարիմ ենք լինելու մեր ստորագրած հուշագրի դրույթներին: Առաջիկա նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը սեփական թեկնածուով հանդես չի գա, մենք կպաշտպանենք գործող նախագահի թեկնածությունը նրա առաջադրվելու դեպքում:
|