|
26.06.10 Հեղինե Բիշարյանի հարցազրույցը <<ԱՌԱՎՈՏ>> օրաթերթում
Հրապարակումներ եղան, որ <<Լեզվի մասին>> օրինագծի քննարկումների ժամանակ գիտության, կրթության հանձնաժողովում հունիսի 4-ին դուք կարծիք եք հայտնել, թե օտարալեզու կրթությունը ճիշտ կլինի սկսել միջին դասարաններից: Ավելի ուշ Հովհաննես Մարգարյանը ներկայացրել է, որ ՕԵԿ-ի առաջարկը եղել է օտարալեզու կրթությունը սկսել միջին դասարաններից, մասնավորապես` 7-րդ դասարանից: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը երեկ մեր թերթին ասել է, թե ՕԵԿ-ը ԲՀԿ-ի հեղինակային իրավունքները յուրացնելու փորձ է կատարել, Դուք էլ, ձեր հերթին, թե´ օրինագծի քննարկումների ժամանակ, և թե´ <<Շանթի>> եթերից խոսում էիք Ձեր այն առաջարկի մասին, ըստ որի` օտարալեզու կրթությունը ճիշտ կլինի սկսել 7-րդ դասարանից: Համաձայնեք, շատ խուճուճ թնջուկ է, խնդրում եմ հաստակեցնեք, Ձեր կարծիքով` իրականում ով ի՞նչ է առաջարկել և ու՞մ հեղինակային իրավունքներն են ոտնահարված:
Նախ մենք հեղինակային իրավունքներ երբեք չենք յուրացրել: Երկրորդ` մենք ի սկզբանե ասել ենք մեր դիրքորոշումը և այն պահել ենք հաստատուն, այլ ոչ թե հետո փոփոխել ենք: Երրորդ` ինձ համար ընդունելի չէ դատախազի կեցվածքով հանդես գալը և ուրիշներին մեղադրելը, հատկապես, որ գործընկերներ ենք և շատ հաճախ կարող ենք համանման առաջարկներ ունենալ: Ավելին` իմ բոլոր ելույթները եղել են բաց, և դրանից քաջատեղյակ են մեր հանձնաժողովի բոլոր անդամները:
Այնուամենայնիվ, մյուս կողմը ևս պնդում է իր իրավացիությունը:
Այժմ ձեր հարցին պատասխանեմ ըստ էության: Դեռևս հունիսի 4-ին ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովի նիստում ես, որպես հանձնաժողովի անդամ, խոսելով <<Լեզվի մասին>> օրենքում փոփոխությունների մասին, ելնելով նաև իմ երկար տարիների մանկավարժական փորձից, շատ հստակ նշել եմ, որ եթե ուզում ենք, որ աշակերտները առարկաները յուրացնեն որևէ օտար լեզվով, ապա միայն ավագ դպրոցից ուսուցումը բավարար չէ, ուստի այն պետք է սկսել երկրորդ աստիճանից` միջին դասարաններից (5-9), քանի որ միայն ավագ դպրոցում (10-12)` երեք տարվա ընթացքում հնարավոր չէ յուրացնել ցանկացած առարկայի ծրագիր, այն էլ` օտար լեզում: Այս տրամաբանությամբ առաջնորդվելով էլ` ես հանձնաժողովի նիստում քննարկումների ժամանակ ԿԳ նախարարին առաջարկել եմ օտար լեզվով ուսուցումը սկսել միջին դասարաններից` գոնե 7-րդ դասարանից, ինչն էլ հունիսի 7-10-ի ԱԺ նիստում վերոհիշյալ հարցի քննարկման ժամանակ պնդել եմ իմ ելույթում` հաստատելով նախկինում արված առաջաչկությունը, այն է, կրկնում եմ` օտար լեզվով ուսուցումը սկսել միջին դասարաններից, մասնավորապես` 7-րդ դասարանից` այն համարելով <<ոսկե միջին>> տարբերակ: Ես նաև իմ բոլոր ելույթներում նշել եմ, որ գոնե հինգ տարի է անհրաժեշտ յուրաքանչյուր առարկային լիարժեք տիրապետելու համար: Տրամաբանությունը հուշում է, որ 7-րդ դասարանից օտար լեզվով առարկաների հինգ տարի ուսուցումն ընդգրկում է իր մեջ նաև ավագ դպրոցը, թեպետ յուրաքանչյուր երեխայի իրավունքն է` շարունակե՞լ կրթությունը ավագ դպրոցում, թե` ոչ: Մեր մյուս առաջարկությունը վերաբերում է դպրոցների թվի կրճատմանը: Այս ամենը նաև, որպես խմբակցության տեսակետ, հայտնեց Հովհաննես Մարգարյանը: Ինչ վերաբերում է <<Երկիր մեդիայի>> հիշյալ հրապարակմանը, ապա այն բացարձակ չի համապատասխանում իրականությունը:
Փաստորեն, պնդում եք, որ հեղինակային իրավունքի յուրացում չի եղել, ինչպես նախորդ օրը հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը <<Կենտրոն>> հեռուստաընկերության եթերից:
<<Հեղինակային իրավունքի>> յուրացման մասով ասել եմ, որ տիկին Զոհրաբյանը նախագծի քննարկումների ողջ ընթացքում ներկայացրել է ԲՀԿ-ի առաջարկը` օտարալեզու կրթություն իրականացնել միայն ավագ դպրոցներում, <<միայն այս դեպքում <<Բարգավաճ Հայաստանը>> կողմ կքվեարկի այս նախագծին, հակառակ դեպքում դեմ ենք լինելու>> (<<Երկիր մեդիա>>): Մեջ բերեմ նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի ելույթից մի հատված` <<…խմբակցությունը դեմ չէ, որ միջազգային երկու դպրոցներ ստեղծվեն Դիլիջանում և Ջերմուկում…>> (www.parliament.am): ի դեպ նշեմ, որ երկու դպրոցներում էլ օտար լեզվով դասավանդումը պետք է սկսի 7-րդ դասարանից: Սրանից հետևություն արեք, թե ով ում հեղինակային իրավունքներն է յուրացրել, և ով է ի սկզբանե դեմ եղել 7-րդ դասարանից օտար լեզվով ուսուցմանը, այնուհետև` կողմ քվեարկել: Եվ պարզ կդառնա, թե ով և ինչու է ցանկանում արհեստական սրացումներ կատարել: Վերջապես ինձ մի հարց էլ է հետաքրքիր` ինչու՞ այս առաջարկություններ, ելույթներ և մոտեցումներ մասին խոսվում է միայն հիմա, երբ նախագծի քննարկումներ ու քվեարկման գործընթացն արդեն ավարտվել է, ավելին` և այս ամենը կատարվում է այն դեպքում, երբ մենք, որպես քործընկերներ, շատ հարցերում շատ արդյունավետ գործակցում ենք:
|