|
Կուսակցության կանոնադրությունը
«Օրինաց երկիր» կուսակցությունը, այսուհետ կուսակցություն, գործում է ՀՀ Սահմանադրության, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ իրավական ակտերի համապատասխան` ղեկավարվելով սույն կանոնադրությամբ, իր գաղափարական սկզբունքներով և ծրագրով:
«Օրինաց երկիր» կուսակցությունը, սույն կանոնադրության համաձայն, իր գրանցման պահից իրավաբանական անձ է, ունի իր խորհրդանշանով կլոր կնիք: Խորհրդանշանը պատկերում է շրջան, որի վերևի մասում հավերժության խորհրդանիշն է, և «Օրինաց երկիր» բառերը, իսկ ներքևի մասում` «Կուսակցություն» բառը, կենտրոնական մասում գրված են ՕԵԿ տառերը, Ե տառի վերևում Արարատ լեռն է: Խորհրդանշանի պատկերը ներկայացված է կանոնադրության հավելվածում: Կուսակցությունն ունի դրոշմակնիք, հաշվարկային և այլ հաշիվներ բանկերում` ՀՀ դրամով և արտարժույթով, այլ ռեկվիզիտներ:
Կուսակցության անվանումն է.
Հայերեն` «Օրինաց երկիր» կուսակցություն /Հապավումը` ՕԵԿ/
Ռուսերեն` Партия «Правовая страна»
Անգլերեն` Party of «Country of legality»
Իրավաբանական հասցեն է` ՀՀ, ք. Երևան, Կորյունի 14, հեռ.526939:
Կուսակցության նպատակները
1. Մարդու ազատ, անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ ապրելու և իր իրավունքների իրականացումն ապահովելու համար իրավական, սոցիալական, ժողովրդավարական, աշխարհիկ պետության կերտումը և քաղաքացիական հասարակության հետ ներդաշնակ զարգացման ապահովման աջակցությունը:
2. Ազգային արժեքների վրա խարսխված սոցիալական համերաշխության, հանդուրժողականության և գործընկերության հենքով բաց հասարակության ստեղծումը:
3. Հայ ժողովրդի ստեղծագործական, մտավոր և տնտեսական ներուժի միավորումը, արդիականացող աշխարհում համազգային շահեր իրականացնող տնտեսական հզոր, քաղաքակիրթ, զարգացած և միջազգային ասպարեզում մրցունակ պետության կերտումը, ազգային անվտանգության ապահովման աջակցությունը:
Կուսակցության խնդիրները
Վերոշարադրյալ նպատակների իրականացման համար կուսակցությունը հետամուտ է լինելու հետրյալ խնիդրների լուծմանը`
1. Ստեղծել հավասարակշված, ընդգծված սոցիալական բևեռացումը բացառող հանրային կառուցակարգեր.
2. Մեծացնել պետական իշխանության հոգածությունը սոցիալական ապահովության, առղջապահության, կրթության ոլորտներում.
3. Սոցիալապես անպաշտպան խավերի, անաշխատունակ խմբերի անհրաժեշտ կենսամակարդակի ապահովման համար օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով պայմանների ստեղծում.
4. Ազատ շուկայական տնտեսության սկզբունքների, ներդրումների հուսալի իրավական պաշտպանվածության վրա խարսխված, սեփականության բազմաձևության և սեփականության բոլոր ձևերի հավասար իրավական պաշտպանության հիմնված տնտեսական արդյունավետ համակարգի ստեղծում.
5. Արդյունավետության վերականգնումը, վերագործարկումը բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված, արտահանողական ուղղվածությամբ, նոր աշխատատեղեր ապահովող արդյունաբերության ստեղծումը և կայուն զարգացումը, գյուղատնտեսության նկատմամբ պետական հոգածության բարձրացումը.
6. Գործուն պետական, հասարակական և իրավական մեխանիզմեների ստեղծման, գործարար և մշակութային կապերի ակտիվացման ճանապարհով Հայաստան-Սփյուռք-Արցախ ներուժի համախմբումը.
7. Օրենքի գերակայության վրա հիմնված իրավական պետությունում անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցոնալ հիմք ունեցող քաղաքական և իրավական ինստիտուտների ձևավորումը և աստիճանական զարգացումը.
8. Դատաիրավական համակարգի անկախության և դերի բարձրացումը, արդարադատության իրականացման համար հաստատուն երաշխիքների ստեղծումը.
9. Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության օրենսդրական և ինստիտուցիոնալ արդյունավետ կառուցակարգերի ստեղծումը.
10. Մարդու, նրա կարողությունների ազատ ու անարգել դրսևորման համար իրավական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր անհրաժեշտ պայմանների ապահովումը.
11. Իշխանության երեք թևերի` օրենսիր, գործադիր, դատական, կայուն զարգացումը և նրանց միջև համագործակցության ու փոխադարձ հակակշռման ապահովումը.
12. Հարկատուների շահերի պաշտպանությունը, տնտեսվարողների համար գործունեության հավասար պայմանների ապահովումը.
13. Տեղական ինքնակառավարման զարգացումը, պետական կառավարման հետ ներդաշնակ գոյակցումը.
14. ԶԼՄ-ների` որպես հանրային իշխանության միջոցի, ազատ զարգացմանն աջակցությունը.
15. Ազգային բանակի մարտունակության բարձրացումը և նրա մտավոր, կազմակերպչական, տեխնիկական ներուժի զարգացմանն աջակցությունը.
16. Նպաստել մտավորականության` որպես ազգային ոգու կրողի ներգրավմանը պետական և հասարակական գործընթացներ, համախմբել նրանց ներուժը համազգային խնդիրների լուծման շուրջ.
17. Պետական ինքնիշխանության ապահովման նպատակով ռազմավարական ոլորտներում պետական սեփականության պահպանումը.
18. Քաղաքացիական ակտիվության և մասնակցության բարձր մակարդակի ապահովումը.
19. Ներգրավումը համաշխարհային ինտեգրացիոն գործընթացներում` ապահովելով ազգային նկարագրի և ավանդույթների պահպանումը.
20. Հատուկ ուշադրություն դարձնել հոգեպես և ֆիզիկապես առողջ սերնդի դաստիարակությանը, տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ու խրախուսմանը, բարձրացնել երիտասարդության քաղաքացիական ակտիվությունը.
21. Անզիջում պայքարել տնտեսության մեջ ստվերայնության, կլանների, պետական կառավարման ապարատում կոռուպցիայի և Հայաստանի զարգացմանը խոչընդոտող այլ երևույթների դեմ:
Կուսակցության գործելակերպը
Իր գաղափարական և ծրագրային դրույթներն իրագործելու համար կուսակցությունը որդեգրում է հետևյալ գործելակերպը`
1. Կուսակցության անդամ հանդիսացող պատգամավորների կողմից իրականացվող օրենսդրական նախաձեռնությունների միջոցով հասնել օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, նպաստել ժողովրդավարական ինստիտուտների ձևավորմանն ու կայացմանը, համապատասխան օրենքների ընդունմանը.
2. Առաջարկություններով, հայտարարություններով, զանգվածային լրատվության և այլ միջոցներով արտահայտված ակտիվ դիրքորոշմամբ հասնել պետության զարգացմանը խթանող և մարդկանց սոցիալական վիճակը բարելավող օրենքների և այլ իրավական ակտերի ընդունմանը.
3. Ընտրովի մարմիններում և այլ պաշտոններում աշխատող կուսակցության անդամների աշխատանքային և կուսակցական գործունեության նկատմամբ իրականացնել մշտական վերահսկողություն.
4. Հանրապետության ներսում և արտասահմանում իրականացնել ազգային արմատների, արժեքների մշակույթի ակտիվ քարոզչություն և տարածում, ամեն կերպ պահպանել և քաջալերել ազգային ավանդույթները, անզիջում պայքարել ազգի ինքնությանն ու բարոյականությանը վնասող նորամուծությունների դեմ.
5. Աշխուժացնել և առավել գործնական դարձնել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերն ու համագործակցությունն ապահովող կառույցների գործունեությունը: Ջանքեր գործադրել դիվանագիտության մեջ և տեղեկատվական «պատերազմում» իրականացնելու մշտական ակտիվ գործելակերպ: Դիվանագիտական, մշակութային օժանդակություն ցուցաբերել արտերկրում բնակվող էթնիկ հայերին , աջակցել նրանց շահերի պաշտպանությանը.
6. Ունկնդրելով ժողովրդի ձայնը և որդեգրած լինելով ակտիվ դիրքորոշում` մշտապես հանդես գալ ժողովրդի սոցիալական շահերի պաշտպանությամբ, ակտիվացնել պայքարը բյուրոկրատական կամայականությունների դեմ.
7. Նպաստել Հայաստանում արտահանողական ուղղվածության արդյունաբերության և գյուղատնտեսության, միջազգային մակարդակով ճանաչում գտնելու ընդունակ մտավոր ծառայությունների զարգացմանը:
Կուսակցության կազմակերպչական կառուցվածքը և կառավարումը
Կուսակցությունը կազմված է սկզբնական, համայնքային, տարածքային և մարզային կազմակերպություններից: Անհրաժեշտության դեպքում կուսակցությունը կարող է ձևավորել միություններ և աշխատանքային մարմիններ, որոնց կազմը և քանակը սահմանվում է կուսակցության համապատախան մարմինների կողմից: Կուսակցության մարզային կազմակերպությունները հանդիսանում են կուսակցության մասնաճյուղրեր:
Կուսակցության սկզբնական կազմակերպություններն ստեղծվում են կուսակցության առնվազն 5 անդամների առկայության դեպքում: Սկզբնական կազմակերպության բարձրագույն զեկավար մարմինն ընդհանուր ժողովն է, որն իրավազոր է անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Ժողովի որոշումներն ընդունվում են մասնակիցների թվի կեսից ավելի ձայներով: Ժողովները տեղի են ունենում ոչ պակաս, քան տարին 2 անգամ` սեփական ժամանակացույցի համաձայն:
Կուսակցության համայնքային կազմակերպություններն իրենց մեջ միավորում են սկզբնական կազմակերպությունները: Համայնքային կազմակերպության ղեկավար մարմիններն են ` համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովը, նախագահը և խորհուրդը: Համայնքային կազմակերպության ընթացիկ ղեկավարումը ժողովների միջև ընկած ժամանակահատվածում կատարվում է խորհրդի կողմից, որը բաղկացած է 15 անդամներից:
Կուսակցության տարածքային կազմակերպություններն իրենց մեջ են ընդգրկում համայնքային կամ սկզբնական կազմակերպությունները: Տարածքային կազմակերպության ղեկավար մարմիններն են ` ընդհանուր ժողովը և խորհուրդը: Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովն անց է կացվում ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
Կուսակցության մարզային կազմակերպությունները իրենց մեջ են միավորում տարածքային կազմակերպությունները: Մարզային կազմակերպության ղեկավար մարմինը մարզային համաժողովն է /կոնֆերանս/, որն անցկացվում է որ պակաս, քան տարին մեկ անգամ: Համաժողովի պատվիրակների թիվը որոշվում է մարզային խորհրդի կողմից` ըստ սկզբնական կազմակերպությունների անդամների թվի: Համաժողովը իրավազոր է, եթե ներկա են պատվիրակների 2/3-ը , որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
Կուսակցության ղեկավար մարմինները
Կուսակցության ղեկավար մարմիններն են` կուսակցության համագումարը, քաղաքական խորհուրդը, վարչությունը և կուսակցության նախագահը:
|