|
<<Սուրբ օրենքների երկիր>> կամ <<Օրինաց երկիր>>` այսպես էին կոչում Հայաստանը այն ժողովուրդները, որոնք հարևան էին Հայոց աշխարհին:
1997թ. հիմնադրելով <<Օրինաց երկիր>> կուսակցությունը` Արթուր Բաղդասարյանը և նրա շուրջ համախմբված գաղափարական և քաղաքական համախոհները նպատակ ունեին Հայաստանում վերականգնել նախնյաց ավանդույթները: Կուսակցության ղեկավարը, լինելով իրավաբան, լավ էր գիտակցում պետության զարգացման գործում օրենքի գերակայության հաստատաման անհրաժեշտությունը, օրենք, որի կենտրոնում կանգնած է մարդը` նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, պետության և հասարակության անվտանգությունը, ազգային արժեքների հարատևումը:
<<Օրինաց երկիր>>կուսակցության ստեղծումը արձագանքն էր նաև հասարակության այն զգալի հատվածի պահանջի, որը ցանկանում էր երկրի կառավարումը խարսխված տեսնել իրավական օրենքների վրա:
Կուսակցությունը ստեղծվեց և հայ քաղաքական ասպարեզ իջավ պատմական այնպիսի ժամանակահատվածում, երբ հայ պետական և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում տեղի էին ունենում ռազմավարական բնույթի քաղաքական գործընթացներ (1997-ից մինչև 2010թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանը անդամակցել է Եվրոպայի խորհրդին, դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ընդունել է նոր Սահմադրություն, միացել է Բոլոնյան համաձայնագրին, մշակվել և ընդուվել է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգը, իրականացվել են սոցիալ-տնտեսական, դատաիրավական և այլ ոլորտների փոփոխություններ), որոնց <<Օրինաց երկիր>> կուսակցությունը իր լուրջ և արդյունավետ մասանակցությունն է ունեցել` մշտապես օբյեկտիվորեն գնահատելով իրականությունը և բացասական զարգացումների քննադատության հետ միաժամանակ` առաջարկել իրատեսական լուծումներ:
Գիտակցելով վերը նշվածի կարևորությունը և, որպես քաղքական ուժ, իր պատասխանատվությունը հայրենիքի ու ժողովրդի առջև` <<Օրինաց երկիր>> կուսակցության գաղափարախոսական հենքում դրվեցին հետևյալ կարևոր հիմնադրույթները.
• մարդակենտրոն օրենսդրություն,
• ռեֆորմներ և աջակցություն նոր և մրցունակ գաղափարներին,
• ազգային ներուժի բացահայտում, ազգային մրցակցության ապահովում,
• ազգային արժեքների արժևորում և պահպանում,
• Հայաստանի Հանրապետության արժանապատիվ տեղի ապահովումը զարգացող աշխարհում
Ժամանակն ապացուցեց, որ կուսակցության կողմից որդեգրված գաղափարական սկզբունքները ընդուվեցին և աջակցություն գտան հասարակության կողմից:
Դեռևս 1999թ. նորաստեղծ կուսակցության առաջին լուրջ հայտը քաղաքականության մեջ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն և 5%-ի արգելքի հաղթահարումն էր, ինչի արդյունքում ԱԺ-ում ձևավորվեց <<Օրինաց երկիր>> խմբակցությունը:
Սկսած 1999թ.-ից կուսակցությունը ամրացրեց և խորացրեց ժողովրդի հետ իր կապերը, ապրեց քաղաքացու հոգսերով և հիմնախնդիրներով: ՀՀ-ում չկար ոչ մի համայնք, բնակավայր որտեղ այցելած չլինեին <<Օրինաց երկրի>> պատգամավորները Ա. Բաղդասարյանի գլխավորությամբ:
Մարդիկ վստահում էին ՕԵԿ-ին, դիմում կուսակցությանը և նրա նախագահին իրենց հիմնախնդիրների լուծման ակնկալիքով: 1999-2003թթ. ԱԺ ուղարկված դիմումների 44%-ը հասցեագրված էր ՕԵԿ-ին, այն դեպքում, երբ ԱԺ-ում <<Օրինաց երկիր>> խմբակցության պատգամավորների թիվը չէր գերազանցում 5%-ը:
Արդեն 2003 թ. մայիսի 25-ի ՀՀ ԱԺ ընտրություններում << Օրինաց երկիրը>> ստացավ ավելի քան 200.000 ձայն, կուսակցություն <<Հայաստանի հանրապետական>> և <<Հայ հեղափոխական դաշնակցություն>> կուսակցությունների հետ ձևավորեց խորհրդարանական կոալիցիա` առաջին անգամ մասնակցելով կառավարության ձևավորմանը: Կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները ներառվեցին կառավարության ծրագրում: Իսկ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ընտրվելով ԱԺ նախագահի պաշտոնում, հայտարարեց, որ իշխանությունը իր և իր ղեկավարած քաղաքական ուժի համար նախ և առաջ պարտք ու պատասխանատվություն, մարդկանց օգնելու, նրանց կյանքում իրական բարեփոխումներ կատարելու հնարավորություն է:
2003-ից 2007թթ. ընկած ժամանակահատվածում ՕԵԿ-ի ակտիվ պայքարի արդյունքում տեղի ունեցան բազմաթիվ բարեփոխումներ:
Այս ընթացքում ՕԵԿ-ը մշտապես մնաց հաստատակամ իր սկզբունքներում. ճշմարտախոս, պայքարող, համարձակ, համակարգային և իրական բարեփոխումների կողմնակից:
Ելնելով վերը նշվածից, 2006թ.-ին ՕԵԿ-ը` արտահայտելով իր անհամաձայնությունը վարվող քաղաքականության մի շարք ուղղությունների նկատմամբ և բարձրաձայնելով առավել արագ և իրական բարեփոխումների հրամայականը դուրս եկավ կոալիցիայից, իսկ կուսակցության ղեկավարը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից:
Կուսակցությունը շարունակեց պայքարն ի պաշտպանություն իր կողմից առաջադրված արժեքների և գաղափարների:
2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններում ՕԵԿ-ը հերթական անգամ ստացավ ժողովրդի վստահության քվեն` ձևավորելով առավել ակտիվ և սկզբունքային խմբակցություններից մեկը:
Իսկ արդեն 2008թ.-ի նախագահական ընտրություններում <<Օրինաց երկիր>> կուսակցության նախագահ Ա.Բաղդասարյանը ստացավ ընտրողների ավելի քան 275.000 քվե, ինչը հերթական ապացույցն էր ժողովրդի կողմից նրա անցած ճանապարհի գնահատականի:
Հայաստանյան ներքաղաքական կյանքին <<Օրինաց երկիր>> կուսակցությունը մասնակցում է այն անխախտ համոզմամբ, որ կուսակցական մրցակցությունը պետք է դիտարկվի որպես երկրի ժողովրդավարական զարգացման հիմք` հավատարիմ մնալով իր կարգախոսին` <<Քաղաքական մրցակցություն և ոչ քաղաքական թշնամանք, քաղաքական խաղաղություն և ոչ քաղաքական պատերազմ>>:
Քաղաքական, ժողովրդավարական մրցակցության փոխակերպումը քաղաքական պատերազմի, խարխլում է պետության հիմքերը և հարված հասցնում երկրի կայունությանը և անվտանգությանը: Դա առավել քան արդիական է ՀՀ-ի համար, քանզի մենք գտնվում ենք բարդ տարածաշրջանում և մեր ազգային շահերի ու արժեքների իրականացումը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, մեր հայրենիքի անվտանգության ապահովումը պահանջում է մեր հասարակությունից համազգային արժեքների համատեղ պաշտպանություն:
Ուստի, գիտակցելով պետական և հասարակական կայունության և զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև, կարևորելով նախագահական ընտրություններում Ա. Բաղդասարյանի նախընտրական ծրագրի կետերի իրականացումը, Ա. Բաղդասարյանը և Ս. Սարgսյանը ստորագրեցին հուշագիր: ՕԵԿ-ը` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ ձևավորեց կոալիցիա:
2008թ.-ի կոալիցիայի ձևավորումից մինչև այսօր` 2010 թ.-ը, ՕԵԿ-ը` համաձայն Ա. Բաղդասարյանի 2008թ.-ի նախագահական ընտրությունների նախընտրական ծրագրի, հանդես է եկել բազմաթիվ իրավական նախաձեռնություններով:
ՕԵԿ-ի սկզբունքային դիրքորոշումն ազգային, պետական և հասարակական կյանքում իր արտացոլումն է գտել ՀՀ քաղաքական դաշտում, իր` բեղմնավոր և արդյունավետ օրենսդրական գործունեության ընթացքում:
Այսօր էլ տասներեքամյա <<Օրինաց երկիր>> կուսակցությունն իր առաջնորդի` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, հաստատակամ է այն սկզբունքների և նպատակների իրականացման համար, որոնք Հայաստանը կդարձնեն հիրավի օրինաց երկիր:
|